Լոնգ Այլենդի լողափերին շնաձկների հարձակումների պատճառով ուժեղացրել են հսկողությունը
ԱՄՆ Նյու Յորքի նահանգի իշխանությունները ուժեղացրել են պարեկությունը Լոնգ Այլենդ կղզու ափերին այն բանից հետո, երբ վերջին երկու օրում 5 մարդ ենթարկվել է շնաձկների հարձակման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Պարեկներն ընդլայնել են հսկողությունը և անօդաչու թռչող սարքեր են օգտագործում՝ հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար: Հուլիսի 4-ի առավոտյան ԱԹՍ-ները Լոնգ Այլենդի լողափերից մեկի մոտ նկատել են 50 շնաձկներից բաղկացած վտառ: Նույն օրը շնաձկները կծել են 5 հոգու, այդ թվում՝ 15-ամյա երկու դեռահասների։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Ֆլորիդայի նահանգի Շնաձկների հետազոտության ծրագրի տնօրեն Գևին Նեյլորը CNN-ին ասել է, որ լողորդները պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն գիշատիչների հարձակումից խուսափելու համար:
«Հարկավոր է միշտ լողալ խմբերով: Չպետք է լողալ ափից շատ հեռու, ինչպես նաև պետք է խուսափել ձկներից, որոնք սովորաբար խայծ են հանդիսանում», - ասել է Նեյլորը:
CNN-ը նշում է, որ 2022 թվականին Ֆլորիդայի Բնական պատմության թանգարանն արձանագրել է ամբողջ աշխարհում մարդկանց վրա շնաձկների հարձակման 57 գրանցված դեպք։ Դրանցից 41-ը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։