Սննդամթերքի որ տեսակներն են օգնում կանխել հոդերի հիվանդությունների զարգացումը

Հոդերի հիվանդությունների բուժման ու կանխարգելման հարցում կարող են օգնել կարմիր ձուկն ու լամինարիան, ինչպես նաև ընկույզերը, լոբին ու հատապտուղները։ Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում ասել է վնասվածքաբան-օրթոպեդ Մաքսիմ Մորոզովը։
«Ծովամթերքը պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր ու իմունախթան նյութեր, որոնք դրական ազդեցություն են ունենում հենաշարժական համակարգի վրա»,- նշել է Մորոզովը:
Բացի այդ, հոդերը ձևախախտող արթրոզների կանխարգելման հարցում շատ մեծ դեր է խաղում նաև կոլագենը, որը մեծ քանակությամբ պարունակվում է տավարի մսի կամ թռչնամսի արգանակների, ինչպես նաև ցիտրուսային մրգերի, հատապտուղների, լոբու, սխտորի ու ավոկադոյի մեջ։
«Սննդամթերքի այդ տեսակները հարկավոր է օգտագործել օրական առնվազն մեկ անգամ»,- ընդգծել է մասնագետը՝ հավելելով, որ այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել և խնդրի ախտանշանները նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։