Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, հայտնում են Կրեմլից:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները: