Երևանի նախկին փոխքաղաքապետից և կնոջից դատախազությունը պահանջում է բռնագանձել գույք և 28 մլն դրամ
Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի ու կնոջ դեմ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի քննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է ամուսիններից բռնագանձել անշարժ և շարժական գույք, ինչպես նաև գումար: Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Դատախազությունը պահանջում է բռնագանձել Երևան քաղաքի Վրացական փողոցում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 100 հազ. դրամ:
Դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ 2009թ. Վահե Նիկոյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը Երևան համայնքից 1 մլն 315 հազ․ 394 դրամով ձեռք է բերել նշված տարածքը, որի ձեռքբերման պահին ունեցել է ընդհամենը 839 հազ․ 482 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով:
Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա է նաև Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան պողոտայի համապատասխան հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը՝ 250 մլն դրամ, ինչպես նաև վերոնշյալ գույքի վարձակալության վճարները մինչև գործով վճռի փաստացի կատարումը:
Պահանջի հիմնավորումն այն է, որ 2010թ. Արմինե Գրիգորյանը, Երևան համայքից ձեռք է բերել նշված հասցեի ընդհանուր 14․5 քմ մակերեսով կառույցը և կառույցի համար առանձնացված 58․34քմ մակերեսով հողամասը՝ 1 մլն 960 հազ․ 431 դրամով, որի ձեռքբերման համար ունեցել է ընդհամենը 672 հազ. 492 դրամ օրինական եկամուտ, իսկ մնացած մասը չի հիմնավորվում Իրավասու մարմնին հայտնի օրինական եկամուտների մնացորդով: Հետևաբար ձեռքբերումը 65.70%-ով ապօրինի է: Հետագայում այս գույքի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որոնց համար ծախսված միջոցները չեն հիմնավորվել օրինական եկամուտների մնացորդով, ուստի վերջնարդյունքում գույքը դիտարկվել է ապօրինի 95.83%-ով:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Mercedes-Benz S350 մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում միջին շուկայական արժեքը, ևս բռնագանձման պահանջի մաս է կազմում»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։