Սպիտակ տանը հայտնաբերված փոշին եղել է պահախցիկում. CBS News
Սպիտակ փոշին, որը հայտնաբերվել էր Սպիտակ տանը ԱՄՆ Գաղտնի ծառայության (USSS) աշխատակիցների կողմից եւ, ըստ նախնական տվյալների, կոկաին էր, գտնվել է պահարանում, որն օգտագործվել է աշխատակիցների կողմից որպես պահախցիկ, տեղեկանում ենք news.am կայքից։
«Նյութը հայտնաբերվել է արեւմտյան թեւի ընդհանուր գոտում, որտեղ գտնվում են օվալաձեւ աշխատասենյակը եւ նախագահի որոշ օգնականների եւ օժանդակ անձնակազմի աշխատասենյակները... Նյութը գտնվել է պահարանում, որը սովորաբար օգտագործվում է աշխատակիցների եւ Սպիտակ տան հյուրերի կողմից բջջային հեռախոսները թողնելու համար»,- տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրավապահ ծառայությունների բարձրաստիճան աշխատակցին։
Ավելի վաղ Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուլյելմին հրաժարվել էր նշել փոշին գտնելու կոնկրետ տեղը։
ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարության համաձայն՝ իրականացվելու է ստուգում, որպեսզի պարզվի, թե իչպես է նյութը հայտնվել արեւմտյան թեւում։ Հետաքննությունը ներառելու է տեսախցիկների եւ գրանցամատյանների ուսումնասիրությունը, որպեսզի պարզվի, թե ով կարող էր մուտք գործած լինել շինություն, որտեղ գտնվել է թմրանյութը։
Կասկածելի սպիտակ փոշին հայտնաբերվել էր կիրակի երեկոյան ԱՄՆ Գաղտնի ծառայության (USSS) աշխատակիցների կողմից, որոնք զննում էին շենքը։ Դրանից հետո հայտարարվել է տարհանում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ պահին Սպիտակ տանը չէր։ Նախնական տվյալներով՝ գտնված փոշին կոկաին էր։