«Կարմիր խաչի» միջնորդությամբ 15 բուժառու Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան
Հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՀ Առողջապահության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 96 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։