Ուռուցքաբանը մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու ուղիներ է անվանել
Ուռուցքաբան, ռուսական «Բժիշկ» հեռուստաալիքի փորձագետ Իգոր Ուտյաշևը նշել է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ուղիները և խորհուրդ տվել, թե ինչպես կարելի է պաշտպանվել արևի վտանգավոր ճառագայթներից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։
Բժիշկը նշել է, որ արևից պաշտպանվելու համար անհրաժեշտ է քսուք օգտագործել 30 միավոր պաշտպանական չափաբաժնով։ Այնուամենայնիվ, լճերում, գետերում լողալու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ քսուքը լվացվում է, ուստի այն պետք է պարբերաբար նորից քսել չոր մաշկին, հավելել է Ուտյաշևը՝ նշելով, որ ավելի լավ է քսուք գնել դեղատներում, որտեղ վաճառվում է ամենաբարձր որակի արտադրանքը տարբեր տեսակի ճառագայթներից։
Ուռուցքաբանը զգուշացրել է, որ քսուքը պետք է պաշտպանի և՛ «Ա», և՛ «Բ» տիպի ճառագայթումից, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է հրահրել մաշկի քաղցկեղի զարգացում։ Նաև ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սահմանափակ ժամանակ մնալ արևի տակ։ Հատկապես բաց մաշկ և շեկ մազեր ունեցող մարդիկ պետք է խուսափեն արևից։
Մանկության տարիներին արևայրուքը մելանոմայի զարգացման հնարավոր նախադրյալներից է, ուստի երեխաների մաշկը պետք է պաշտպանված լինի արևից բոլոր հնարավոր եղանակներով։
«Անհրաժեշտության դեպքում երեխաների մաշկին քսեք պաշտպանիչ քսուքի հաստ շերտ։ Երեխայի մաշկի վրա կասկածելի գոյացությունների դեպքում անհապաղ դիմեք բժշկի օգնությանը»,- ասել է ուռուցքաբանը։