Տոկիոյում կառուցվել է Ճապոնիայի ամենաբարձր երկնաքերը
Ճապոնիայի նոր ամենաբարձր շենքը արդեն պատրաստ է. շողշողացող երկնաքերը Տոկիոյի կենտրոնում գտնվող «ժամանակակից քաղաքային գյուղի» մի մասն է, որը տարիներ շարունակ կառուցվում է, հայտնում է CNN-ը:
Նրբորեն կոր եզրերով և ծաղկաթերթիկներ հիշեցնող թագով աշտարակի բարձրությունը հասնում է 330 մետրի, իսկ հարկերի քանակը 64 է։ Այն գերազանցում է Օսակայում գտնվող Abeno Harukas երկնաքերը՝ Ճապոնիայի երկրորդ ամենաբարձր շենքը՝ 300 մետր բարձրությամբ:
Կառուցապատող Mori Building ընկերության նախագիծը, որը զբաղեցնում է ավելի քան 8 հեկտար տարածք, նախատեսում է վերակենդանացնել ողջ տարածքը՝ տեղում ունենալով սպա, ֆիթնես ակումբներ, արվեստի պատկերասրահ և թանգարան:
«Տեղական երթևեկության հարմարավետության համար մենք նույնիսկ համալիրով անցնող նոր ճանապարհներ ենք կառուցել»,- ասում են նախագծի հեղինակները։ Ակնկալվում է, որ համալիրը կունենա մոտավորապես 20,000 աշխատակից և 3,500 բնակիչ, ինչպես նաև տարեկան 25-35 միլիոն այցելու:
Աշտարակները նախագծել է ամերիկյան հանրահայտ Pelli Clarke & Partners ճարտարապետական ընկերությունը: Մեծ Բրիտանիայից Heatherwick Studio-ն նախագծել է համալիրի ցածրահարկ շենքերից մեկը: