Չարլզ III-ը Եղիսաբեթ II-ի մտերիմ ընկերոջը վտարել է Վինձորի քոթեջից
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ստիպել է Եղիսաբեթ II-ի սիրելի օգնականին հեռանալ Վինձորի կալվածքում գտնվող իր տնից, որտեղ նա ապրել է երկար տարիներ։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի կենսագիր Վալենտին Լոուի գիրքը։
Կենսագրի խոսքով՝ Եղիսաբեթ 2-րդի նախկին անձնական օգնական և մտերիմ ընկերուհի Անժելա Քելլին ակնկալում էր, որ թագուհու մահից հետո իրեն թույլ կտան ապրել Վինձորի տնային զբոսայգու տնակում։ Սակայն Չարլզ III-ի ցուցումով 65-ամյա կինը ստիպված է եղել լքել այն։
Անջելա Քելլին առաջին անգամ սկսել է աշխատել թագուհու համար 1994 թվականին՝ որպես նրա զգեստապահ, որը պատասխանատու էր միապետի հագուստի, զարդերի և տարբերանշանների համար: Սակայն ժամանակի ընթացքում նրա պարտականություններն ընդլայնվել են։
«Վերջին տարիներին թագուհին, բացի իր անմիջական ընտանիքից, ոչ ոք չի ունեցել, ով ավելի մտերիմ կլիներ իր հետ, քան Անժելա Քելլին: Պաշտոնապես նա թագուհու անձնական օգնականն էր, խորհրդականը… բայց նաև նրա վստահելի անձն էր, ընկերը և այն անձնավորությունը, ով հոգ էր տանում նրա մասին ավելի, քան մեկ ուրիշը: Ինչպես Քելլին պատմել է ընկերներին, նա իրականում թագուհու բուժքույրն է եղել»,- գրել է Լոուն:
Գրողը հավելել է, որ քանի դեռ Եղիսաբեթ II-ը ողջ էր, Անժելա Քելլին սենյակ ուներ թագուհու առանձնասենյակի նույն հարկում: Լոուն նշել է, որ թագավորական ընտանիքի համար աշխատող բարձրարժեք աշխատակիցներին սովորաբար տալիս են կալվածքում ապրելու համար տներ, որոնք կոչվում են «շնորհքի և ողորմության տներ»։ Այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ի մահից մի քանի օր անց պարզ դարձավ, որ Քելլին, չնայած իր հավատարմությանը Նորին թագավորական մեծությանը, չի ստանա այս արտոնությունը։
«Բանակցություններ սկսվեցին, որոնց ժամանակ առաջարկվեց, որ թագավորը նրան տուն գնի Շեֆիլդի մոտ, [Անգլիա], որպեսզի նա մոտ լինի իր թոռներին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ թագավորը պարզապես չի ցանկանում ապրել նրա կողքին», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Լոուն: