Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ. ինչ անել
Թունավորումներն առաջանում են, երբ թունավոր նյութերը տարբեր ուղիներով ներթափանցում են մարդու օրգանիզմ: Շատ կարևոր է թունավորումը ժամանակին տարբերելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել նա, որտեղ է գտնվել, ինչին է դիպել:
Բժիշկները հորդորում են թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգել շտապ օգնություն, գրում է Aysor.am-ը։
Տարբեր տեսակի թունավորումների մասին կարող են հուշել հետևյալ նշանները.
հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն,
որովայնի շրջանում ցավեր, լուծ,
գունատ, խոնավ մաշկ,
սրտխառնոց, փսխում,
դժվարացած շնչառություն,
քնկոտություն կամ գրգռված վիճակ,
գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,
մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
ցնցումներ,
գիտակցության խանգարումներ:
Հաճախադեպ թունավորումների պատճառներից են կլլվող թույները՝ ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն): Դրանք մարդու օրգանիզմ ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից անորակ սննդամթերքը նույնպես կարող է դառնալ թունավորման պատճառ:
Թունավորման առաջին իսկ նշանները նկատելու դեպքում պետք է՝
մնալ տուժածի կողքին, պահպանել նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը,
եթե վերջինս գիտակից վիճակում է և կարող է խմել, նրան մեծ քանակով հեղուկներ տալ: Եթե փսխում է, օգնել՝ պահելով ճակատը,
պահել թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքը, դեղորայքը և այլն, ինչպես նաև փսխուքի մի մասը և հանձնել այն շտապ օգնության անձնակազմին` հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:
հնարավորության դեպքում կատարել մաքրող հոգնա,
Տարբեր թունավոր նյութեր ևս, օրինակ՝ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերը, թափվելով մաշկի վրա, կարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորում: Այդ դեպքում, բացի թունավորման ընդհանուր նշաններից, կարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխություն, ցան, այտուց, ցավ, քոր և այրոց:
Օգնություն ցուցաբերելիս խորհուրդ է տրվում օգտագործել ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ: Զգուշորեն հանել թույնով ներծծված հագուստը: Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, խոզանակի կամ չոր գործվածքի միջոցով հեռացնել այն մաշկի վրայից: Ապա անմիջապես` մինչև շտապ օգնության ժամանումը, թույնի հետ շփված մասը լվանալ հոսող ջրի տակ: