Թել Ավիվում տղամարդը վրաերթի է ենթարկել անցորդներին, այնուհետև սկսել դանակահարել նրանց․ կա 8 վիրավոր
Իսրայելի Թել Ավիվ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին։ Նա այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել մարդկանց։ Միջադեպի հետևանքով կա 8 վիրավոր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել են Իսրայելի իշխանությունները։
Իսրայելի ոստիկանության խոսնակը միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։ Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է զինված քաղաքացու կողմից։
Վիրավորներից մեկը՝ 46-ամյա մի կին, գտնվում է ծանր վիճակում։
Հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի ուժերը շարունակում են Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից սկսված գործողությունը, որն իսրայելական կողմը որակել է որպես «հակաահաբեկչական»։ Այդ գործողության հետևանքով, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 100 մարդ վիրավորվել է։
«Համաս» շարժումը չի ստանձնել Թել Ավիվում տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն այդ հարձակումն անվանել է «հերոսական գործողություն», որը Ջենինում Իսրայելի գործողություններին «արձագանքի սկիզբն է»։
«Պաղեստինի իսլամական ջիհադ» խմբավորումը նույնպես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն նշել է, որ «սա դիմադրության պատասխանն է Ջենինում տեղի ունեցող իրադարձություններին»։