Անասնագոմի պատը քանդել ու գողացել էին 27 գառ և 3 ուլ
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Գեղամասար գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր անասնագոմից գողացել են գառներ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը առանձնատան բակի անասնագոմի պատը քանդելով և անցք բացելով՝ մտել էին ներս և գողացել 27 գառ և 3 ուլ՝ տանտիրոջը պատճառելով մոտ 1 միլիոն 300 000 դրամի վնաս: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը: Պարզվել է, որ անասնագողությունը կատարել են 20-ամյա, 21-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Լանջազատ գյուղի, մեկը՝ Վանաձոր քաղաքի, մյուսը՝ Փամբակ գյուղի բնակիչ: Պարզվել է նաև, որ գողոնը տեղափոխել էին «ԳԱԶ-3302» մակնիշի մեքենայով:
Բացատրական աշխատանքի շնորհիվ Լանջազատ գյուղի 20-ամյա բնակիչը հուլիսի 3-ին ներկայացել է Վարդենիսի բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Ըստ նրա հայտարարության՝ գողոնը վաճառել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկայի տարածքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 21-ամյա և 25-ամյա երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ: