Մոսկվայի մոտակայքում 5 ԱԹՍ են խոցել
Ուկրաինան փորձել է հինգ անօդաչու թռչող սարքերով հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի օբյեկտների վրա, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
«Նոր Մոսկվայի տարածքում չորս Ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով։ Եվս մեկ ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և կործանվել Օդինցովոյի շրջանի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակումը հետ մղելիս ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան, եզրակացրել են պաշտպանական գերատեսչությունում։
Ավելի վաղ Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական դրոնների հարձակման մասին հայտնել էր մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Արտակարգ ծառայություններում «ՌԻԱ Նովոստի»-ի զրուցակցի տվյալներով՝ երկու անօդաչու սարք են խոցել Կրիվոշեևո գյուղի շրջանում, ևս երկուսը՝ Վալուևո գյուղի մոտակայքում, մեկը շարքից հանել են Կուբինկայի շրջանում:
«Վնուկովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և մեկնման համար, դրանք արդեն հանվել են: