Ուժգին պայթյուն Երևանի Արաբկիր վարչական շրջանում. տեղի են ունեցել փլուզումներ. մի ամբողջ շենքի ապակիներ կոտրվել են ու վնասվել են մեքենաներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Դեռևս անհայտ հանգամանքներում Կոմիտաս 54/1 շենքի բակում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 ավտոտնակ հիմնովին փլուզվել է, վնասվել են 5 հարկանի շենքի պատուհանները, դռները, բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնի, 1 հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխեցին հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանն ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը:
Շենքի ողջ տարածքը սահմանազատել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄԻ-ի ծառայողները՝ Վազգեն Արտաշեսյանի և «Տրանսգազ» ընկերության տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության Արաբկիր մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր «Գազպրոմի» հետ ստուգողական աշխատանքներ են կատարում, արդյոք բաց Էլեկտրալարեր և գազի արտահոսք կա, թե ոչ:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։