Պաղեստինը որոշել է դադարեցնել բոլոր շփումներն Իսրայելի հետ. Wafa
Պաղեստինի ղեկավարությունը որոշել է խզել Իսրայելի հետ բոլոր շփումները, հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։
«Պաղեստինի ղեկավարությունն այսօր որոշել է դադարեցնել բոլոր շփումներն իսրայելական կողմի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, փոխանցում է news.am-ը։
Նշվում է, որ որոշվել է նաև շտապ խորհրդակցություն հրավիրել պաղեստինյան խմբակցությունների ղեկավարների հետ՝ Իսրայելի գործողություններին հակազդելու դիրքորոշումը համաձայնեցնելու նպատակով։
Երկուշաբթի գիշերը Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է Ջենինում և փախստականների համանուն ճամբարում լայնածավալ հակաահաբեկչական գործողության մասին։ Իսրայելական բանակը հայտնել է, որ ավելի քան տասն ավիահարված է հասցրել պաղեստինցի զինյալների ենթակառուցվածքին: Իսրայելի անվտանգության աշխատակիցները նաև հայտնել են, որ հայտնաբերել և առգրավել են ժամանակավոր հրթիռահրետանային կայանք, զենք և զինամթերք: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկուշաբթի կեսօրին ասել է, որ իսրայելական բանակի խոշոր գործողությունը Ջենին քաղաքում ընթանում է ըստ պլանի։ Նա նշել է, որ տեղի ահաբեկչական բջիջները մեծ հարվածներ են ստացել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի ավելի վաղ օպերատիվ հանդիպում է անցկացրել բանակի և իրավապահ մարմինների ղեկավարության հետ, որը քննարկել է գործողության առաջընթացը։