Դոնի Ռոստովում «Վագների» գործողությունները պատճառել են 92,5 մլն ռուբլու չափով վնաս
Դոնի Ռոստովում «Վագների» խմբի գործողությունների հետևանքով առաջացած վնասը կազմել է 92,5 մլն ռուբլի։ Այս մասին հայտնում է RTVI-ն՝ հղում անելով քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոյին։
Նշվում է, որ քաղաքում «Վագներ»-ի խմբի ռազմական տեխնիկայի անցումից հետո ճանապարհների վերանորոգումը արժեցել է 28,8 մլն ռուբլի։ Եվս մոտ 63,7 մլն ռուբլի իշխանությունները կծախսեն ապստամբության ժամանակ վնասված կոմունալ մեքենաների վերանորոգման վրա։
«Վագներ»-ի զինտեխնիկան Ռոստովում վնասել է 12 հազար քմ ճանապարհի և 210 քմ մայթ։ Վնասվել են նաև տրամվայի գծեր։ Վերականգնման աշխատանքները, որոնց արժեքը կազմել է 28,8 մլն ռուբլի, ամբողջությամբ ավարտվել են, հայտնել են վարչակազմից՝ ի պատասխան RTVI-ի խնդրանքին։
«Վերականգնողական աշխատանքների վերջնական ծավալը հայտնի կդառնա մեքենաների վերանորոգման ավարտից հետո»,- նշել են վարչակազմից։