«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ արգելապատնեշին բախված և շրջված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 3-ին, ժամը 13։25-ին ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա մեկ տուժած։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: