Հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող լուծում գտնելն է. լեհ փորձագետները՝ ՀՀ ԱԺ պատվիրակությանը
Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 3-ին հանդիպել է Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն - հիմնադրամի փորձագետներին: Այս մասին հաղորդում են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից:
Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը հակիրճ անդրադարձել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ շեշտելով, որ մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների վերաբերյալ փաստերը խոսուն են:
Նա ներկաներին հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է անցնել մեծ դժվարությունների միջով՝ բախվելով անվտանգության սպառնալիքներին: Այս համատեքստում հայ պատվիրակները մանրամասնել են Հայաստանի հանդեպ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքները՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները եւ սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: «Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակել է Լաչինի միջանցքը, որը հանգեցրել է ծանր մարդասիրական ճգնաժամի: Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ ապրում է լիակատար պաշարման պայմաններում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Պատասխանելով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու վերաբերյալ փորձագետների հարցերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել արեւմտյան գործընկերների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, Գերմանիա) ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործընթացում:
Լեհ գործընկերները նշել են, որ հակամարտող երկրների համար ամենաբարդը կողմերին բավարարող վերջնական լուծում գտնելն է, սակայն դրանից ավելի բարդ է իրավիճակն առանց լուծման թողնելը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների:
ՀՀ ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանն իր հարեւաններից տարածքային պահանջներ չունի եւ շարունակելու է անել հնարավորը տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության համար: Հանդիպմանը բարձրաձայնվել է նաեւ այն, որ Ադրբեջանը մշտապես մերժում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը, անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները եւ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ իրականացնելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն:
Եզրափակելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ խոսնակը հավաստիացրել է, որ մեր երկրում իսկապես հավատում են, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները խաղաղ գոյակցության երաշխիքներ են:
Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամը միջազգային իրադարձությունների վերաբերյալ իր իրականացրած վերլուծությունները ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններին եւ մասնավոր հատվածին՝ ուղենշելով նաեւ դրանց զարգացման միտումները եւ առաջարկվող լուծումները: 2014 թվականից ի վեր հիմնադրամը կազմակերպում է Վարշավայի անվտանգության ամենամյա համաժողովը, որը կառավարությունների, միջազգային կառույցների, վերլուծական կենտրոնների, ինչպես նաեւ քաղաքական եւ պաշտպանական ոլորտի փորձագետների միջեւ տրանսատլանտյան անվտանգության ընդհանուր մարտահրավերների քննարկման հարթակ է դարձել:
Հիմնադրամի ղեկավարության կողմից առաջարկվել է անվտանգային հարցերով միջազգային քննարկումներ կազմակերպել նաեւ Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջև: