Անմար կրակից ծխախոտ վառած ռուս դեռահասը բերման է ենթարկվել
Վոլգոգրադում ՊՊԾ ջոկատը ձերբակալել է 15-ամյա դեռահասի, ով ծխախոտ է վառել եղբայրական գերեզմանի հավերժական կրակից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 2-ի երեկոյան քաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների ծառուղում։ Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես դեռահասը մոտեցել կրակին, ծխախոտ վառել ու հեռացել։ Այդ ժամանակ հուշահամալիրի մոտ մարդիկ են եղել։
Որոշվել է ՌԴ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով («Մահացածների մարմինները և նրանց թաղման վայրերը պղծելը») քրեական գործ հարուցել։ Նշված հոդվածը նախատեսում է 40 հազար ռուբլու չափով տուգանք, ուղղիչ աշխատանքներ կամ երեք ամիս ժամկետով կալանք։
Հատկանշական է, որ մայիսի 16-ին ոստիկանները բերման էին ենթարկել 35-ամյա կին զբոսաշրջիկի, ով նույն Անմար կրակի վրա այրել էր իր իրերը և այնտեղ դրված ծաղիկները։