Սպանությունից հետո 42-ամյա կնոջ մեքենայից անհետացել է նաև պայուսակը՝ մոտ 100.000 $ գումարով, ոսկեղենը
Հայտնի դերասան Տիգրան Նալչաջյանի քրոջ՝ 42-ամյա Նվարդ Նալչաջյանի սպանության դեպքով սպանվածի եղբայրը Aravot.am-ին որոշ մանրամասներ է հայտնել: «Նա ամբողջությամբ խոստովանել է իր կատարածը, նույնիսկ քրոջս մեքենան հենց իրենց տան բակից են վերցրել, որով ինքը երկու օր իր ընկերների հետ հաճելի ժամանակ է անցկացրել: Սա բացահայտված սպանություն է: Այդ երիտասարդը նույնիսկ պարզել եմ, որ անցած տարի Փարաքարում երկու հոգու դանակահարել է՝ հոր ու որդու, գյուղում ներքին կարգով հարցը լուծել են, որ գործ չհարուցվի, չեն բողոքել»,- պատմել է Տիգրան Նալչաջյանը:
Նա ասել է, որ քույրը, ամենայն հավանականությամբ, այդ երիտասարդի հետ ծանոթացել է համացանցով. «Քույրս սպորտի մեծ սիրահար էր, իր շրջապատը վերջերս ՈՄԱ, սպորտ, դա էր: Նա շատ ակտիվ մարզվում էր, մարտարվեստներով էր զբաղվում, երեւի այդ հետաքրքրությունների շրջանակում են ծանոթացել համացանցով: Քույրս տարբեր աղբյուրներից լավ գումար վաստակող աղջիկ էր, հայտնի ֆիրմայում էր աշխատում բարձր աշխատավարձով, նաեւ դրսի հետ էր աշխատում, import մենեջեր էր, շատ բաներ էին իրենից պատվիրում: Մեծ գումարներ էր աշխատում ու մի մեծ սխալ էր անում, մոտը մեծ գումարներ էր պահում: Որ մենակ էր ապրում, մեծ վախ ուներ, հանկարծ տուն չմտնեն, գումարը հափշտակեն, գումար էր հավաքում, որ նոր տուն գներ: Երբ տեղ էր գնում, գումարը մեքենայի մեջ էր պայուսակով պահում: Խոսքը 50-100.000 դոլարի մասին է: Հիմա դա անհետացել է, բացի հեռախոսից, որը այդ երիտասարդը վաճառել էր: Մենք այդ մասին էլ ենք իրավապահներին ասել: Իհարկե, դժվար ապացուցելի բան է, բայց քրոջս անձնագիրն էլ չկա: Վստահ ենք, որ էլի իրենց ձեռքի գործն է: Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել, նաեւ ոսկեղեն է եղել, որն էլի անհետացել է: Իր տանը ձեւի համար տասը դրամ չկա»: