Առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը. Ժաննա Անդրեասյան
Այսօր տեղի է ունեցել 2023 թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջող ընթացք. «Մենք առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում և փորձում առավելապես օգտակար լինել ձեր կատարած աշխատանքին: Նախարարության գերակա ուղղություններից են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ և արդյունավետ կրթության կազմակերպումը և օտարերկրյա պետություններում հայերենի գրավչության բարձրացումը, հայկական մշակույթի և ավանդույթների հանրահռչակումը»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրին»՝ ընդգծելով սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման խնդիրը. «Մեր ռազմավարության առանցքային նպատակներից են սփյուռքի համար ՀՀ հանրակրթությանը համահունչ կրթական մատչելի ծառայությունների ապահովումը, սփյուռքում գործող հայկական կրթօջախները Հայաստանի կրթական համակարգին ինտեգրումը, սփյուռքահայ կրթօջախների կարիքներին համապատասխան հայալեզու տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարների համալրումը, սփյուռքում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման մեխանիզմների ստեղծումը»:
Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրականացվող աշխատանքները, իսկ այս տարվա վերապատրաստումը մեկ անգամ ևս բոլորին կհամախմբի ընդհանուր նպատակների շուրջ՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ:
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը:
2023 թ. վերապատրաստման ծրագրին մասնակցում է 60 ուսուցիչ՝ 18 երկրից: Դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 29-ը:
Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝
Ուսուցում մանկապարտեզում
Ուսուցում մեկօրյա դպրոցում
Տարրական ուսուցում
Հայոց լեզվի և գրականության դասավանդում
Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
Պարարվեստ
Տնօրենների վերապատրաստում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ընդհանուր առմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ունի նոր գիտելիքի փոխանցման և կարողությունների ձևավորման նպատակ: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հադեպ հետաքրքրության աշխուժացմանը, սփյուռքի կրթական համակարգի հետ կապերի ամրապնդմանը: