ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում փաստաբանները կարողացել են տեսակցել իրենց պաշտպանյալին
Փաստաբանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին՝ տեղեկացնելով, որ ուշ ժամի պատճառով չի կարողանում մուտք գործել քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իր պաշտպանյալին։
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նրա խոսքով՝ իր և կալանավորված անձի մյուս փաստաբանի մուտքը քրեակատարողական ծառայողները արգելում են՝ պատճառաբանելով, որ ազատությունից զրկված անձինք իրավաբանական օգնություն ստանալու նպատակով փաստաբանի հետ կարող են տեսակցել միայն աշխատանքային ժամերին: Մինչդեռ, հաջորդ առավոտյան նշանակված է եղել դատական նիստ, և իրենք ցանկանում են իրենց պաշտպանյալի հետ քննարկել նրա պաշտպանությանն առնչվող հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը բարձրացված հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցչի հետ։ Ներկայացվել է փաստաբանի խորհրդապահական կարգով իր պաշտպանյալին անարգել տեսակցելու իրավունքը՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման` անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։
Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում փաստաբանների բարձրացրած խնդիրը կարգավորվել է, նրանք կարողացել են անարգել տեսակցել իրենց պաշտպանյալին