64-ամյա ամերիկուհին մարտի է բռնվել իր շանը հետապնդող արջի հետ
Ամերիկյան Մեն նահանգի 64-ամյա բնակչուհին հարվածել է իր շան հետևից վազող արջին՝ դրդելով, որ նա ի պատասխան կծի իրեն, ուրբաթ տեղեկացրել են վայրի բնության պահպանության նահանգային իշխանությունները, տեղեկանում ենք news.am-ից։
Կնոջը բժշկական օգնություն են ցուցաբերել դաստակին մնացած ծակած վերքերը բուժելով։
Շունն անվնաս է մնացել։
«Մեն նահանգի Փորթեր քաղաքի բնակչուհին արջին դեմ հանդիման է մնացել, երբ վերջինս մոտակա անտառից վազում էր իր շան հետևից։ Եվ երբ արջը կանգնել է, կինը ուղղվել է հասակով մեկ որքան կարողացել է և բռունցքով հարվածել արջի քթին, ինչից հետո արջը կծել է նրա աջ ձեռքը՝ ծակելով դաստակը»,- նշվում է նահանգի ձկնորսության և վայրի բնության դեպարտամենտի հայտարարության մեջ։
Արջը այլևս ձեռք չի տվել կնոջը և փախել է։