Հռոմի պապի բանագնացը Մոսկվայում միայն հումանիտար հարցեր է քննարկել
Հռոմի պապի բանագնաց, կարդինալ Մատեո Ցուպին կիրակի հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի առիթով Մոսկվա կատարած իր առաքելությունը վերաբերել է հումանիտար հարցերին և չի ներառել խաղաղության ծրագրի քննարկում։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայիսին խնդրել էր Ցուպիին՝ իտալացի եպիսկոպոսների համաժողովի ղեկավարին, խաղաղության առաքելություն կատարել Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն օգնելու փորձ անելու համար։
Այս շաբաթ Ցուպին Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի խորհրդականներից մեկի՝ Յուրի Ուշակովի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլի հետ։ Հունիսին ավելի վաղ նա այցելել էր նաև Կիև՝ նախագահ Զելենսկու հետ բանակցելու համար։
«Բոլոր հանդիպումներն էլ կարևոր էին, հատկապես հումանիտար տեսանկյունից, որի վրա մենք կենտրոնացել էինք։ Չկա ոչ խաղաղության ծրագիր, ոչ միջնորդություն»,- ասել է Ցուպին RAI պետական հեռուստաընկերությանը։
«Մեծ ցանկություն կա, որ բռնությունը դադարի և որ մարդկային կյանքը հնարավոր լինի պահպանել՝ սկսած ամենափոքրերի պաշտպանությունից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մոտ ժամանակներս հանդիպելու է Հռոմի պապին՝ իր հանդիպումների արդյունքները քննարկելու համար։