Վուչիչ․ Պրիշտինան մտադիր է ճնշում գործադրել Կոսովոյի սերբերի վրա
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարծում է,որ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին մտադիր է ճնշում գործադրել Կոսովոյի սերբերի վրա։ Նույն այդ ժամանակ, ըստ Վուչիչի, Ուկրաինան կաշխուժացնի հակահարձակումը, տեղեկացնում է News.am-ը։
«Ես, իսկապես, ուկրաինական ուժեղ հարձակում եմ սպասում երկու ուղղությամբ, վաղը կամ դրա հաջորդ օրը կսկսվի Ուկրաինայի լրացուցիչ հարձակումը, իսկ դա նշանակում է լրացուցիչ հարձակում Կոսովոյի և Մետոհիայի սերբերի դեմ»,- հայտարարել է Ալեքսանդր Վուչիչը սերբական հեռուստատեսության եթերում։
Ըստ նրա, Ուկրաինայի իշխանությունները կփորձեն գագաթնաժողովից առաջ ցուցադրել ուկրաինական բանակի հաջողությունները։ «Դա նրանց անհրաժեշտ է Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ, ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի անդամակցության «տոմս» կստանան և համոզված են, որ մեծ հարձակմամբ և ռուսաստանյան ուժերին հարվածելով կարող են դրան հասնել»,- կարծում է Սերբիայի նախագահը։
Վուչիչի կարծիքով, պետք է սպասել Ուկրաինայի հարձակմանը Բախմուտի, ինչպես նաև Էներգոդարի և Մելիտոպոլի ուղղություններով։ «Կարծում եմ, որ նրանք պատրաստել են մի քանի տասնյակ բրիգադ և այդ մասում կճեղքեն ռուսաստանյան պաշտպանությունը։ Ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա, իհարկե, հսկայական զոհերի գնով»,- ավելացրել է նա։