Արտակարգ դեպք Ճամբարակում. ննջարանում տեղադրված հեռուստացույցն իր տակդիրով ընկել է 2-ամյա երեխայի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում «Ճամբարակի առողջության կենտրոնից» ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գանգի հիմնի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ, ծնողների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է բերվել Չարենցի փողոցից և նա 2-ամյա Դիաննա Ա.-ն է:
Տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա երեխային տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:Ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, որը հայտնել են նաև ծնողները, ենթադրաբար տան ննջարանում հեռուստացույցն իր տակդիրով ընկել է երեխայի գլխին: Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: