Շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները
Գյումրիում շարունակվում են «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» պատշգամբի վերանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Համայնք-կառավարություն (55-45% հարաբերակցությամբ) սուբվենցիոն ծրագրով պատշգամբի վերանորոգման համար հատկացվել է մոտ 12 մլն դրամ։
Աշխատանքներն իրականացնում է «Շինարար 97» կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են հենասյունները, բազրիքները և պատշգամբի տանիքը:
«Թեև պատշգամբը համեմատաբար նոր էր՝ ի տարբերություն 19-րդ դարի բուն շինության, սխալ տեխնիկական աշխատանքների պատճառով վերջին տարիներին դարձել էր վթարային: Մոտ հինգ տարի ստիպված էինք փակ պահել դեպի պատշգամբ տանող դռները՝ վթարայնության պատճառով»,-հայտնեց պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ պատշգամբը նորոգվում է՝ պահելով հին տեսքը։
Շինությունը, որտեղ գտնվում է պատկերասրահը, կառուցվել է 1880 թվականին՝ մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի Քեշիշովների ընտանիքի կողմից՝ որպես իրենց բնակարան։ Պատկերասրահի շենքը 19–րդ դարի ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է՝ ներքին բակով և պատշգամբով, որն, ըստ հին լուսանկարների, փայտյա չի եղել: 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը։