Ալեն Սիմոնյանը Արցախի շրջափակման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի զանգահարել Արցախի ԱԺ նախագահին. պատգամավոր
Արցախցի եւ հայսատանցի պաշտոնյաների միջեւ հարաբերությունները արդեն 3 տարի է՝ բացակայում են, դա նոր չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ արցախցի գործընկերների զանգերինն հայաստանցի պաշտոնյաները նույնիսկ չեն պատասխանում։
«Դեռ մեկ ամիս առաջ Արցախի ազգաին ժողովում այդ հարցը տվել ենք, պետնախարարն ասել է, որ իրենց հետ որեւէ հարց չի քննարկվում, որեւէ առնչություն չկա, արտաքին գործերի փոխնախարարը նույնը հաստատել է, Ազգային ժողովի նախագահը նույնը հաստատել է: Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ հարաբերություններ վաղուց չկան, բայց շրջափակման այս 200 օրեին ընդհանրապես չկա: Ալեն Սիմոնյանը հարկ չի համարել այս շրջափակման օրերին գոնե մեկ անգամ զանգեր, հարցներ որպիսությունը: Այսինքն դա այդպես է, մնացած պետական մարմիններում էլ է նույն վիճակը: Ասեմ ավելին՝ նախկին արտգործնախարարը ասել է նաեւ, որ, այո, իր զանգերին ՀՀ արտգործնախարարը չի պատասխանում, նույնիսկ ինքը ստիպված է եղել նամակ գրել էկեկտրոնային, որը նույնպես մնացել է անպատասխան»,- ասաց նա:
Հիշեցնեք, որ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը իր ֆեյսբուքան էջում գրել էր. «Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլեւս չեն պատասխանում: Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում»: