Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը
Ֆրանսիայում ոստիկանությունն անցած գիշեր ձերբակալել է ավելի քան 1300 անկարգությունների մասնակիցների: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահների տվյալներին։
«Շաբաթ օրը (հուլիսի 1-ի) գիշերը Ֆրանսիայում 1311 մարդ է բերման ենթարկվել»,- ասվում է հոդվածում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանցից 406-ը բերման են ենթարկվել Փարիզում և Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից 17-ամյա դեռահաս Նահելի մահից հետո։ Այնուհետև ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Հունիսի 29-ի գիշերը ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա, բարիկադներ կառուցել։ Հաջորդ օրը անկարգությունները շարունակվել են, ոստիկանությունն արդեն հայտնել է մոտ հազար մարդու բերման ենթարկելու մասին։