Ինչո՞ւ են դելֆինները մարդկանց պաշտպանում շնաձկներից
Մարտին Ռիչարդսոնը լողում էր Կարմիր ծովում (Եգիպտոսում), երբ նրա վրա մակո շնաձուկ (Isurus oxyrinchus) հարձակվեց։ Շնաձուկը մարդուն կծել է հինգ անգամ, ու Ռիչարդսոնը սպասում էր իր մահվանը, երբ տեղի ունեցավ մի ինչ-որ արտասովոր բան, գրել է News.am-ը։
Այդ պահին հենց Ռիչարդսոնի հետեւում հայտնվեց դելֆինների խումբը, եւ հարձակումը դադարեցվեց։ Հետո նրան նավակով ափ հանեցին եւ հասցրին հիվանդանոց, որտեղ ավելի քան 300 կար են դրել։ «Ես համոզված եմ, որ դելֆինները փրկեցին իմ կյանքը»,- ասել է նա։
Արդյո՞ք իսկապես կետերը եւ դելֆինները պաշտպանում են մարդկանց շնաձկներից։ «Շնաձկներից փրկվածները» ծրագիրը ուշադիր ուսումնասիրել է չորս դեպք, երբ մարդկանց, թվում է, թե ջրում պաշտպանել են գիշատիչներից։
Ֆլորիդայի Միջազգային համալսարանի կենսաբանական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Մայք Հայթհաուսը կարծում է, որ հազիվ թե դելֆինները հասկանալով են փրկել Ռիչարդսոնի կյանքը։
«Դելֆինները տեսնում են արյան մեծ կուտակում, նրանք գիտեն, որ մոտակայքում շնաձուկ կա։ Գուցե նրանք փորձել են փրկել Մարտինին»,- ասել է նա։
Մեկ այլ դեպքում Կուկ կղզու Կետերի ուսումնասիրման հետազոտական կենտրոնի տնօրեն Նեն Հաուզերը հիշել է 2017 թվականի դեպքը, երբ կուզիկ կետը (Megaptera novaeangliae), որի հետ նա սուզվում էր, փրկել է իրեն հսկայական վագրային շնաձկից (Galeocerdo cuvier), որը հետապնդում էր նրան։
Հայթհաուսի խոսքով՝ ամենաարտասովոր դեպքը տեղի է ունեցել, երբ Նոր Զելանդիայի ափերի մոտ լողացող փրկարարների խումբը շրջապատվել է դելֆինների խմբի կողմից։ Խումբը չէր էլ կասկածում, որ խմբին հետապնդում էր մեծ սպիտակ շնաձուկը (Carcharodon carcharias)։
Արու դելֆիններից մեկը մոտեցել է իրեն, եւ ինքը հասկացել է, որ նրա նպատակը մոտեցող շնաձուկն է։
Հայթհաուսի խոսքով՝ դեպքերի մեծ մասում կետերը եւ դելֆինները, հավանաբար, պաշտպանում են մարդկանց ոչ թե այլասիրությունից, այլ, ամենայն հավանականությամբ՝ նրանք փորձում են պաշտպանել իրենց կամ իրենց սերունդը։
«Բայց Զոր Զելանդիայի փրկարարների դեպքը մեկն է նրանցից, երբ իսկապես թվում է, թե դելֆինները պաշտպանում են մարդկանց»,- ասել է նա Live Science-ին։