Բժիշկը վիտամիններ է նշել սրտի առողջությունը պահպանելու համար
Ամբողջ օրգանիզմի, այդ թվում՝ սրտի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ սննդանյութեր, վիտամիններ և հանքանյութեր օգտագործել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է էնդոկրինոլոգ, SOLGAR փորձագետ Պոլինա Իգնատիեւան։
«Միջերկրածովյան երկրների սննդակարգի առանձնահատկությունների պատճառով նրանց բնակիչները հազվադեպ են տառապում սրտի, արյան անոթների հիվանդություններից և գիրությունից։ Ուստի այս տեսակի սնուցումը խորհուրդ է տրվում սրտանոթային համակարգի պաթոլոգիա ունեցող մարդկանց»,- նշել է մասնագետը Газета.Ru-ին տված հարցազրույցում։
Իգնատիևայի խոսքով՝ սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելու համար արժե սննդակարգում շատ ծովամթերք, դեղաբույսեր, բանջարեղեն և մրգեր ներառել։ Պետք է սահմանափակել նաև կարմիր մսի օգտագործումը և բացառել վերամշակված միսը։ Բացի դրանից, խորհուրդ է տրվում ուտել փոքր քանակությամբ թռչնամիս, կաթնամթերք և ձու։
Բժիշկը պարզաբանել է, որ նման սննդակարգով միշտ չէ, որ հնարավոր է ստանալ օգտակար նյութերի օրական նորմա։ Լրացուցիչ սննդանյութեր կան սննդային հավելումների մեջ:
Էնդոկրինոլոգի խոսքով՝ սրտի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ են օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները (PUFA), որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել մագնեզիումին, որը բարելավում է սրտանոթային և նյարդային համակարգերի աշխատանքը, այն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և սրտի զարկերը։
Կոենզիմ Q10-ը նույնպես դրական է ազդում սրտի առողջության վրա, որը մեծացնում է ադենոզին տրիֆոսֆատի (ATP) արտադրությունը: Վերջինս էներգիայի ունիվերսալ աղբյուր է, որը մեծ քանակությամբ անհրաժեշտ է սրտանոթային համակարգի աշխատանքի համար։