Պաղեստինի նախագահն աջակցություն է հայտնել Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը Telegram ալիքում:
«Պաղեստինյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Պաղեստինի առաջնորդն իր լիակատար աջակցությունն է հայտնել սահմանադրական կարգի և իրավակարգի պաշտպանությանն ուղղված ռուսական ղեկավարության գործողություններին, որոնք ձեռնարկվել են հունիսի 24-ի իրադարձությունների ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկրների ղեկավարները փոխադարձ տրամադրվածություն են հայտնել ռուս-պաղեստինյան ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա առաջանցիկ զարգացման վերաբերյալ: Ռուսական կողմից հաստատվել է նաև սկզբունքային դիրքորոշումը՝ հօգուտ պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար և կայուն լուծման՝ գոյություն ունեցող միջազգային իրավական հիմքի վրա։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինն ու Մահմուդ Աբբասը պայմանավորվել են շարունակել շփումները։