Ավտոմեքենան մոտ 20 մետր գլորվել է ձորը. կա տուժած
Հուլիսի 1-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․ ծնված 1984 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։