ՄԻ պաշտպանն ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
«Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։
Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,- ասված է հաղորդագրության մեջ։