Ուկրաինային հաղթելու համար նոր մոբիլիզացիա կպահանջվի․ Զատուլին
«Եդինայա Ռոսիա»-ից Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությանը կարող է անհրաժեշտ լինել մոբիլիզացիայի նոր ալիք՝ Ուկրաինայում ռազմական օպերացիան հաղթելու համար։ Նրա կարծիքով, ներկայումս Ռուսաստանը դիմակայում է ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերին, այլեւ Կիեւի դաշնակիցների «կոնսոլիդացված ճամբարին»։
«Ես բոլորովին չեմ բացառում, որ… դեռ մի քիչ ջանք կպահանջվի, էլի ինչ–որ մոբիլիզացիաներ։ Ես ամենևին համոզված չեմ, որ գլուխ կհանենք այն ուժերով, որ այսօր ունենք, և մեր կողմից այլևս զոհեր չեն պահանջվի։ Ցավոք սրտի, իրավիճակը բավականին բարդ է, և մենք պայքարում ենք ոչ միայն Ուկրաինայի, և արդեն ոչ այնքան Ուկրաինայի, որքան կոնսոլիդացված ճամբարի դեմ։ Սա նշանակում է, որ մենք պետք է համապատասխանաբար մոբիլիզացվենք»,- ասել է Զատուլինը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Խորհրդարանականի կարծիքով՝ ռուսները պետք է Ուկրաինայում ռազմական գործողությունը ընկալեն որպես «Հայրենական պատերազմ»։