Գերմանական քաղաքի իշխանությունները որոշել են 80 եվրոյով տուգանել դռները շրխկացնող վարորդներին
Գերմանիայում Էրդմանհաուզենի (Բադեն-Վյուրտեմբերգ) քաղաքապետարանը տուգանքներ է սահմանել մեքենաների աղմուկի համար։ Վարորդներին, որոնք ուժեղ շրխկացնում են դուռը, սպասվում է 80 եվրո տուգանք, գրում է SWR-ը:
Որոշումը, որը կարգավորում է տրանսպորտային միջոցների ավելորդ աղմուկը, միաձայն հաստատվել է քաղաքային խորհրդում։
Փաստաթղթով արգելվում է մեքենաների շարժիչներն առանց անհրաժեշտության միացված թողնել, շատ ուժեղ շրխկացնել մեքենաների եւ ավտոտնակների դռները, ինչպես նաեւ անցանկալի աղմուկ առաջացնել բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների ժամանակ։
Բացի այդ, փաստաթուղթն արգելում է անտեղի ազդանշան տալ, ինչպես նաեւ մոտոցիկլետներն ու մոպեդները գործարկել բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում։ Կանոնների խախտման համար նախատեսվում է մինչեւ 80 եվրո տուգանք։
Աղբյուրը՝ news.am