Մարտունի համայնքը ձեռք կբերի միկրոավտոբուս եւ ամենագնացներ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող տարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում ձեռք կբերի միկրոավտոբուս եւ ամենագնացներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացման բարեփոխումների ծրագրի հետ կապված համայնքային ընդհանուր ժողով, որը վարել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» հաստատությունների օժանդակության բաժնի պետ Արման Գրիգորյանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող տարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում համայնքի առաջարկը գնահատվել է ՀՏԶՀ-ի կողմից եւ արժանացել հավանության, որի արդյունքում համայնքը ձեռք կբերի համայնքային կարիքների բավարարման համար մեկ հատ միկրոավտոբուս եւ երկու հատ տեխօգնության ամենագնաց՝ համալրված մեկական պերֆերատորով, եռակցման գեներատորով եւ օդամղիչ պոմպով։ Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվի երեք նոր աշխատատեղ։
Կայացած ժողովի նպատակն էր՝ ստանալ վերջնական հավաստիացում՝ ծրագրի միջոցով վերոհիշյալ ձեռքբերումների անհրաժեշտության մասին։
Համայնքային ընդհանուր ժողովին ներկա են եղել Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ։ Միաձայն քվեարկությամբ առաջարկը հաստատվել է, որը շուտով կանցնի մրցութային, ապա՝ իրականացման փուլ։