Երևանի Բագրատունյաց փողոցում կամրջի հենասյանը բախված ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 30-ին, ժամը 13։16-ին տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը այլ կանչի մեկնելու ճանապարհին Երևանի Բագրատունյաց փողոցից Սեբաստիայի փողոց գնացող ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Գ․, ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյանը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: