Սեւան քաղաքում կազմակերպվել է նկարչական աշխատանքների ցուցահանդես
Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի նախասրահում կազմակերպվել է մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդես։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, «Չպատմված պատմություններ» խորագրով մարզային նկարչական աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվել է «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։
Կազմակերպությունը «Չպատմված պատմություններ»-ի հետքերով ծրագիր է իրականացրել Գեղարքունիքի մարզում՝ համագործակցելով մարզի արվեստի դպրոցների հետ։ Գեղարքունիքի մարզից հավաքագրվել են հեքիաթներ, ավանդազրույցներ:
Ցուցահանդեսին ներկայացվել են մոտ 30 աշխատանքներ` Սեւանի, Գավառի, Սարուխանի, Վարդենիսի ու Ճամբարակի արվեստի դպրոցների սաների գեղանկարները` հավաքագրված բանահյուսական նյութերի հիման վրա: Ցուցահանդեսից հետո լավագույն աշխատանքների հեղինակները կազմակերպիչների կողմից ստացել են դիպլոմներ, իսկ մասնակիցները՝ մասնակցության վկայականներ: