Իրանցի կանանց այսուհետ կթույլատրվի մարզադաշտերում ֆուտբոլ դիտել
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլի մարզադաշտերում կանանց ներկայությանը, հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։
«Կանայք կկարողանան մտնել մարզադաշտեր։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել այս հարցին, և ... աշխատանքային խումբ է նշանակվել (դրա) իրականացման համար։ Ներքին գործերի նախարարությունը, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը, ֆուտբոլի ֆեդերացիան և Տեղեկատվության (հետախուզության) նախարարության երկու գործակալություն ծրագրում են կանանց (մարզադաշտեր) անցնելու մանրամասները»,- Թաջի խոսքերն է մեջբերում ISNA-ն:
Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը մանրամասնել է, որ կանայք կկարողանան հանդիպումներ դիտել այնպիսի մարզադաշտերում, ինչպիսիք են «Գոլ Գուխարը» Սիրջան քաղաքում՝ Քերման նահանգի հարավում, «Նաքշ-է Ջահան» և «Ֆուլադ Շեհրը» Սպահանում՝ երկրի կենտրոնում, «Գյադիրը» Իսլամական Հանրապետության արևմուտքում՝ Ահվազում։ Բացի այդ՝ Թեհրանի «Ազադի» մարզադաշտը պետք է պատրաստվի կանանց ներկայությանը։ Թաջը հայտարարել է նաև սպորտային ռադիոյով կանանց սպորտին նվիրված հատուկ ալիքի գործարկման մասին։