«Անհրաժեշտ է կողմերի միջեւ ամսաթվի հաստատում»․ ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան մեկնելու մասին
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկատվություն է հրապարակել՝ ի պատասխան ՀՀ նույնականացման քարտերով Վրաստան ճամփորդելու հնարավորության ժամկետի մասին հարցումների.
«ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
2023թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջեւ համապատասխան ամսաթվի հաստատում:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում»,- նշված է հաղորդագրությունում: