ԱԳ փոխնախարարը հանդիպել է Կումար Այիրի հետ. ներկայացվել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Հունիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժեւորելով երկու երկրների միջեւ ձեւավորված կառուցողական երկխոսությունը եւ հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարեւորվել է ս.թ. մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։
Կողմերը անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը։