Իրանը 2020-ին խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով կներկայանա Արդարադատության միջազգային դատարան
Կանադան, Շվեդիան, Ուկրաինան ու Մեծ Բրիտանիան խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով Իրանի դեմ դիմել են Արդարադատության միջազգային դատարան։
Երկրները համատեղ հայտարարություն են տարածել, նշելով, որ կշարունակեն ջանքերը՝ Իրանին «իրավական պատասխանատվության ենթարկելու Ps752 ինքնաթիռի խոցման ու 176 մարդու սպանության համար՝ այդ հարցը բարձրացնելով Արդարադատության միջազգային դատարանում»։
Երկրները 6 ամիս առաջ Իրանին կոչ էին արել համաձայնել հարկադիր արբիտրաժին ՄԱԿ-ի կոնվենցիայի միջոցով, որը նախատեսված է առևտրային ինքնաթիռները հարձակումներից պաշտպանելու համար:
Համակարգող խումբը հայտարարել է, որ քանի որ Իրանը համաձայն չէ այս պահանջի հետ, հարցը հնարավորինս շուտ կուղարկվի Արդարադատության միջազգային դատարան։
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այսօր հանդիպել է ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքների հետ ու նրանց ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ներկայացված դիմումը։
2020 թվականի հունվարի 8-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թռիչքից մի քանի րոպե անց խոցել էր «Ուկրաինական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էին բոլոր 176 անձինք: Իրանը հետագայում հայտարարել էր, որ սխալմամբ է խոցել այն։