Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ»
ՀՀ ԱԳ նախարարությունը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է տարածել։
«Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։