Ի՞նչ է բակտերիալ վագինոզն ու ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կնոջ վերարտադրողական համակարգի վրա
Բակտերիալ վագինոզը հեշտոցաբորբի տեսակ է, որն առաջանում է հեշտոցում բնականում հայտնաբերված բակտերիաների ավելցուկից, ինչը խախտում է բնական հավասարակշռությունը:
Բակտերիալ վագինոզը երբեմն նաև կոչվում է ոչ սպեցիֆիկ վագինիտ կամ գարդներելա։
Բակտերիալ վագինոզին բնորոշ են տհաճ հոտով հեշոցային արտադրությունը, քորը և միզելիս այրոցը: Այնուամենայնիվ, բակտերիալ վագինոզի դեպքերի կեսն ընթանում է անախտանիշ և ուշադրության արժանի որևէ գանգատ չի առաջացնում:
Բակտերիալ վագինոզով հիվանդանալու մեծ հավանականություն ունեն վերարտադրողական տարիքի կանայք, սակայն այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի կանանց մոտ:
Պատճառը լիովին հասկանալի չէ, բայց որոշ գործողություններ, ինչպիսիք են անպաշտպան սեռական հարաբերությունները կամ հաճախակի ներլվացումները, մեծացնում են ռիսկը:
Բակտերիալ վագինոզի ախտանիշները սովորաբար ունենում են տեղային բնույթ:
Պետք է դիմել մասնագետի, եթե նոր է սկսվել խնդիրը․ դա կարող է արտահայտվել սպիտակ, մոխրագույն կամ կանաչ արտադրությամբ։
Երբեմն սեռական ճանապարհով փոխանցվող վարակի ախտանիշները նման են բակտերիալ վագինոզի նշաններին:
Բակտերիալ վագինոզի ռիսկի գործոններն են՝
Բազմաթիվ սեռական զուգընկերներ կամ նոր սեռական զուգընկեր ունենալը,
Ներլվացումները․ հեշտոցը ջրով կամ մաքրող նյութով ողողելու պրակտիկան խախտում է հեշտոցում բակտերիաների բնական հավասարակշռությունը: Սա կարող է հանգեցնել անաէրոբ բակտերիաների գերաճի և առաջացնել բակտերիալ վագինոզ: Հեշտոցն ինքնամաքրվում է, ուստի լվացումներն անհրաժեշտ չեն:
Լակտոբացիլային բակտերիաների բնական պակասը. եթե բնական հեշտոցային միջավայրը բավարար քանակությամբ լավ լակտոբացիլներ չի առաջացնում, հավանական է, որ շուտով կզարգանա բակտերիալ վագինոզ:
Բակտերիալ վագինոզը սովորաբար բարդություններ չի առաջացնում, սակայն կարող են լինել մի շարք հետևանքներ.
Վաղաժամ ծնունդ. հղի կանանց մոտ բակտերիալ վագինոզը կապված է վաղաժամ ծննդաբերության և ցածր քաշ ունեցող նորածինների հետ:
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ. բակտերիալ վագինոզ ունենալը կանանց ավելի խոցելի է դարձնում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը, հասարակ հերպեսի վիրուսը, քլամիդիան կամ գոնորեան: Եթե կա ՄԻԱՎ վարակ, ապա բակտերիալ վագինոզը մեծացնում է վիրուսը ձեր զուգընկերոջը փոխանցելու հավանականությունը:
Գինեկոլոգիական վիրահատությունից հետո վարակվելու ռիսկ. բակտերիալ վագինոզը կարող է մեծացնել հետվիրահատական վարակի զարգացման ռիսկը այնպիսի միջամտություններից հետո, ինչպիսիք են արգանդի հեռացումը (հիստերէկտոմիա) կամ արգանդի վզիկի լայնացնումը և կյուրետաժը:
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ). երբեմն բակտերիալ վագինոզը կարող է առաջացնել արգանդի և արգանդափողերի վարակ, որը կարող է մեծացնել անպտղության ռիսկը, գրում է Aysor.am-ը։