Էստոնիան դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը մշակութային արժեքների պահպանման շուրջ
Էստոնիայի կառավարությունը մտադիր է լուծարել Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրը մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի կապակցությամբ կառավարությունը պլանավորում է հունիսի 29-ին լուծարել Էստոնիայի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության համաձայնագիրը մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ», - ասվում է Էստոնիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Էստոնիան համագործակցության համաձայնագիրը կնքել է 1998 թ. դեկտեմբերի 4-ին, և այն ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե կողմերից որևէ մեկը սահմանված ժամկետից առնվազն վեց ամիս առաջ չհայտարարի այն դադարեցնելու իր ցանկության մասին: Սա նշանակում է, որ ԱԳ նախարարությունը պետք է համապատասխան նոտա հղի հուլիսի 3-ից ոչ ուշ։
Ըստ հաղորդագրության՝ Էստոնիան միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկու կոնվենցիաների, որոնք հիմնական համաձայնագրերն են Էստոնիայի և Ռուսաստանի միջև, և իրական անհրաժեշտություն չկա նույն ոլորտները կարգավորել լրացուցիչ համաձայնագրով։ Խոսքը վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին մշակութային արժեքների անօրինական ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու ու արգելելու, ինչպես նաև գլոբալ մշակութային ու բնական ժառանգությունը պահպանելու միջոցառումների մասին: