Մահմեդական աշխարհը դատապարտում է Շվեդիայում Ղուրանի այրումը
Ստոկհոլմում Ղուրանի այրումն առաջացրել է մահմեդական աշխարհի զայրույթը:
Մարոկկոյի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Շվեդիայից դեսպանին անորոշ ժամկետով հետ կանչելու մասին:
Իրաքում տեղացիները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն՝ բողոքելով Ստոկհոլմում Ղուրանի այրման դեմ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ստորություն» է անվանել Շվեդիայում Ղուրանի այրման գործողությունը: Ըստ նրա՝ Անկարան չի ենթարկվի սպառնալիքների և սադրանքների քաղաքականությանը։ Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն էլ հայտարարել է, որ Թուրքիան Շվեդիայից ակնկալում է անհապաղ քայլեր՝ մահմեդականների համար սուրբ Ղուրանի այրման մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Աֆղանստանի թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Կահարա Բալխին հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը Շվեդիայի իշխանություններին դատապարտում է Ղուրանի այրման գործողությունը թույլ տալու համար և իսլամական երկրներին կոչ է արել պատասխան միջոցներ ձեռնարկել:
Ղուրանի այրումը դատապարտող հայտարարություններ են արել նաև Պակիստանի և Եգիպտոսի արտգործնախարարությունները:
Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանի այրումը մեկնաբանել է նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կրոնական տեքստերի այրումը համարում է «անհարգալից և վնասակար»: Պատելը նշել է, որ գործողությունները, որոնք կարող են օրինական լինել, «պարտադիր չէ, որ տեղին լինեն»:
Նա միաժամանակ նշել է, որ դա չի ազդում ՆԱՏՕ-ին Շվեդիայի շուտափույթ անդամակցության անհրաժեշտության մասին Սպիտակ տան դիրքորոշման վրա: Նրա խոսքով՝ այդ երկիրը կիսում է Հյուսիսատլանտյան դաշինքի արժեքները։