Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս Կիևին՝ վախենալով, թե այն «կհայտնվի Իրանի ձեռքում»․ Նեթանյահու
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ և այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, թե դրանք բաժին կհասնեն Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցում։
«Կարծում եմ` կարևոր է հասկանալ, որ մեզ նաև անհանգստացնում է այն հնարավորությունը, որ եթե մենք այդ համակարգերը հանձնենք Ուկրաինային, դրանք կհայտնվեն Իրանի ձեռքում», - ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Թեհրանն այդ դեպքում կկարողանա իր տրամադրության տակ հայտնված իսրայելական համակարգերը կիրառել հենց հրեական պետության դեմ։
«Իսրայելը խիտ բնակեցված երկիր է: Մեր կողմից զոհերի թիվն այնքան էլ մեծ չէ մեկ պատճառով՝ որովհետև «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95%-ը, որ կարող են հարվածել մեր բնակավայրերին: Եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան առանց պաշտպանության և կլինեն վտանգի մեջ», - հավելել է վարչապետը։
«Երկաթե գմբեթ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, որն ստեղծվել է իսրայելական Rafael պաշտպանական ընկերության կողմից՝ ամերիկյան Raytheon-ի հետ գործընկերությամբ, իրեն դրսևորել է որպես փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ 2022 թվականի հունիսի սկզբին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիյչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգ: