«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ, նա «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Արարատից»:
«Հովհաննիսյանը սկսել է ֆուտբոլով զբաղվել «Փյունիկի» մարզադպրոցում 9 տարեկանից։ 2009 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ ստորագրել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը, իսկ 2011-ին իր նորամուտն է նշել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Գանձասարի» հետ խաղում: Նա մեր ակումբի կազմում անցկացրել է 107 հանդիպում, իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջնություններում խաղադաշտ է դուրս եկել 220 անգամ:
Արման Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի կրկնակի գավաթակիր և մեկ անգամ Հայաստանի չեմպիոն։ Նա նաև նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը ու տիրացել գավաթին «Արարատ-Արմենիայի» ու «Շիրակի» հետ համապատասխանաբար։
29-ամյա պաշտպանը 12 անգամ էլ կրել է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։
Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ուկրանիական «Զիրկայում», ղազախական «Տոբոլում», իսկ հայկական ակումբներից՝ «Շիրակում», «Ալաշկերտում», «Արարատ-Արմենիայում», «Գանձասարում» և «Արարատում»:
Արմանին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ մեր թիմի կազմում»,- նշված է ֆուտբոլային ակումբի հաղորդագրությունում: