«Այսքան քննություն կատարեցիք, 120 քննիչ 2 000 հոգու քննեց, թող դատախազը մի օրինակ բերի, որ որևէ մեկն ասած լինի, թե Ծառուկյանը կաշառք է տվել»․ Ծառուկյանը՝ դատախազին (Տեսանյութ)
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ենթադրյալ կաշառք տալու համար մեղադրվող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։
Պաշտպանական խումբը պնդում է՝ քրեական վարույթով ձեռք չի բերվել գեթ մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանն առնչություն ունի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալու հետ ։ Պաշտպանները համոզմունք են հայտնել, որ հրապարակային դատական լսումների ընթացքում կհերքվի Գագիկ Ծառուկյանի օբյեկտիվ կապն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի հետ։
Դատական նիստի ժամանակ ԲՀԿ նախագահ ինքն էլ դիրքորոշում է հայտնել խնդրի կապակցությամբ ․ «Շատ ուշադիր լսելով դատախազի ասածը, ես ուղղակի ամաչում եմ․ այսքան քննություն կատարեցիք՝ 120 քննիչ, 1 000-2 000 հոգու քննելով, տանել փակելով, որին՝ երկու ամիս, որին՝ մեկ ամիս․․․ եթե հարգելի դատախազը մի օրինակ կբերի, որ որևէ մեկը, որին թեկուզ ձերբակալել են, ասած լինի, որ Ծառուկյանը գումար է տվել, կաշառք է տվել, ես համաձայն եմ իր ասածի հետ։ Բայց ամոթ է, եղբա′յր»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ կրկնելով՝ այս ամբողջ ընթացքում ոչ մեկը նման պնդում չի արել։
Դատական նիստի մանրամասները՝ տեսանյութում։